Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ԾԱՆՐ ՁՈՂ

ԾԱՆՐ ՁՈՂ
27.03.2012 | 00:00

Շարք է մտել հիրավի տաղանդավոր ու հզոր սերունդ
Մրցումների առաջին օրը մրցասպարեզն ամբողջությամբ տրամադրվեց յոթ քաշային կարգերում մրցակցող աղջիկներին ու 56 կիլոգրամ քաշային կարգի տղաներին: Աղջիկներից առաջնության հաղթողներ հռչակվեցին Երանուհի Պետրոսյանը (83=30+53, 48 կգ), Մարգարիտա Ղազարյանը (115=50+65; 53 կգ), Իզաբելա Յայլյանը (165=75+90, 58 կգ), Ռոզալյա Ավետիսյանը (160=70+90; 63 կգ), Հռիփսիմե Պողոսյանը (153=68+85; 69 կգ), Արևիկ Պապիկյանը (181=78+103; 75 կգ) և գերծանր քաշային Արփինե Դումանյանը (137=58+79):
Նկատի ունենալով չեմպիոնների ու առհասարակ մասնակիցների գերազանցապես պատանեկան տարիքը` արդյունքները թերևս հուսադրող կարելի է համարել, և դրանք շատ ավելի դիտարկելի կլինեն առաջիկա երկու-երեք տարիների կտրվածքով, երբ վրա կհասնեն հասունությունն ու փորձը: ՈՒստի բավարարվենք թվերի այս սոսկական հիշատակումով ու անցնենք տղաներին:
56 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 213 (93+120) կգ արդյունքով հանրապետության չեմպիոն հռչակվեց սևանցի Արամ Համբարձումյանը: Տասնյոթամյա այս պատանին նախորդ տարի հանրապետության պատանեկան առաջնությունում երկրորդ մրցանակակիր էր դարձել 203 կգ արդյունքով: Թեպետ աճ կա, սակայն քաշային այս կարգը մեզ համար շարունակում է անմրցունակ մնալ միջազգային մրցահարթակում, և մեր մարզիչները քիչ աշխատանք չունեն անելու: Պատվո պատվանդանին Արամ Համբարձումյանին հաջորդեցին Սեյրան Ազոյանն (198=90+108) ու Դավիթ Գասպարյանը (192=82+110):
Նույն միջազգային մրցահարթակի առումով որակապես այլ իրավիճակ է արդեն հաջորդ` 62 կգ քաշային կարգում, որտեղ իրեն փայլուն դրսևորեց Ժորժ Եղիկյանը: Տասնվեցամյա այս պատանին, ով հանրապետության անցած տարվա չեմպիոնն էր մեծահասակների մեջ (56 կգ), երկամարտում ցույց տվեց 257 (110+147) կգ արդյունք` ամբողջ 32 կիլոգրամով թարմացնելով իր լավագույն արդյունքը: Համեմատության համար ասենք, որ անցած տարի Պերուում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում չեմպիոնը ցույց է տվել 262 (119+143), իսկ փոխչեմպիոնը` 256 (118+138) կգ արդյունք: Զարգացումներից առաջ չընկնենք, սակայն փաստ է, որ սույն քաշային կարգում, ի դեմս այս պատանյակի, կարող ենք վերադարձնել համաշխարհային ծանրամարտում մեր երբեմնի հզոր դիրքերը: Երկամարտի 245-ական կիլոգրամով մարզիչ Պետրոս Եղիկյանի սանին հաջորդեցին երևանցի Ռաֆիկ Գալստյանն ու սամաղարցի Կնյազ Վարդանյանը:
Շատ հետաքրքիր պայքար ծավալվեց 69 կիլոգրամ քաշային կարգում: Անցած տարվա ՀՀ պատանեկան առաջնությունում երկամարտի 270 կիլոգրամով հաղթած գյումրեցի Վարդան Միլիտոսյանը, ում ակտիվում, այնուամենայնիվ չի կարելի գրանցել անցած մրցաշրջանը, այս անգամ չեմպիոն դարձավ երկամարտի 302 (135+167) կիլոգրամով, ինչը պատկառելի ցուցանիշ է` միջազգային մրցահարթակում նույնպես մրցունակ (աշխարհի պատանեկանում չեմպիոնը` Ռուսաստանը ներկայացրած մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, հաղթել է երկամարտի 288 (126+162) կգ արդյունքով):
Օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի անվիճելիորեն տաղանդավոր որդուն ու սանին կարող էին շատ լուրջ մրցակցություն ցույց տալ նրա համաքաղաքացի, քսանամյա Վարդան ու տափերականցի, տասնիննամյա Վլադիկ Կարապետյանները, եթե… Ինչ խոսք, որ մարզիչներն ավելի լավ գիտեն իրենց մարզիկների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը (հոգեբանականի մասին չեմ խոսում, որովհետև հայկական ծանրամարտում դա արհամարհված թեմա է, թեպետ այն կոտրած տաշտակի առաջ քիչ չի կանգնեցրել մեր մարզիկներին, և մեր բարձրաձայնումները, գոնե առայսօր, հնչում են որպես ձայն բարբառո հանապատի), սակայն եթե առաջին մոտեցման համար կարելի էր դնել ավելի թեթև քաշ, քան 166-ն է (Վարդանի) կամ 167-ը (Վլադիկի պարագայում) ու մարզիկի համար երկամարտում ապահովել առնվազն երկրորդ-երրորդ տեղ (պոկում վարժությունում առաջինը բարձրացրել է 135, երկրորդը` 130 կգ ծանրություն), մինչդեռ, խելահեղ մրցավազքի մեջ մտնելով, եղածն էլ ես կորցնում, ո՞ւմ է պետք քո մարտավարությունը, որն իրականում զրո արժեք ունի: Կամ` այստեղ մարզիկի մեղքը ո՞րն է: Նորից եմ ասում` սեփական սանի պատրաստվածության աստիճանը բոլորից լավ նրա անձնական մարզիչը գիտի, և գուցե մեր այս երկու տղաների պարագայում չսպասված գործո՞նը գործեց, բայց դե փաստը մնում է շնորհալի այս երիտասարդների համար ձախողված առաջնությունը: Ինչևէ: Այս քաշային կարգում երկամարտի 270 և 268 կգ արդյունքով երկրորդ և երրորդ մրցանակակիրներ դարձան Էմին Գևորգյանն ու Հրաչ Դանիելյանը (երկուսն էլ տասնութ տարեկան են): Հետաքրքրական է, որ երիտասարդականի մրցանակային պատվանդանը նույնությամբ կրկնեց անցած տարվա պատանեկանին, որտեղ Էմինն ու Հրաչը երկամարտում բարձրացրել էին 248-ական կիլոգրամ: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ աճն առկա է:
77 կգ քաշային կարգում անգերազանց էր սամաղարցի տասնյոթամյա Անդրանիկ Կարապետյանը: Ի դեմս այս պատանյակի, հայկական ծանրամարտը ձեռք է բերել իսկական հրաշամանուկի, ով օր օրի է հասակ առնում: Ոչ լրիվ մեկ ամիս առաջ էր, որ նա Հայաստանի մեծահասակների առաջնությունում երրորդը ճանաչվեց երկամարտի 318 կիլոգրամով, և, ահա, նվաճված նոր բնագիծ: Անդրանիկ Կարապետյանը ՀՀ երիտասարդների չեմպիոն է երկամարտի արդեն 321 (148+173) կիլոգրամով, և սա անձնական քաշի ոչ լրիվ 70,5 կիլոգրամի պարագայում: Զուտ հետաքրքրության համար ասեմ, որ եթե մեր այս պատանու «ավելորդ» 1,5 կիլոգրամ քաշը հանենք և նրա արդյունքները դիտարկենք 69 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի ռեկորդների համեմատության մեջ, ապա կտեսնենք, որ պոկում վարժությունում ու երկամարտում դրանք +6 և +11 են ու միայն հրում վարժությունում է հավասարությունը: Ի դեպ, Անդրանիկի բարձրացրած քաշը գերազանցում է նաև 69-ում մինչև 20 տարեկանների երիտասարդների աշխարհի անցած տարվա չեմպիոնի` Դանիել Գոդելիի արդյունքը (309 կիլոգրամ):
Քաշային այս կարգում երկրորդ ու երրորդ մրցանակակիրներ դարձան գյումրեցիներ Ռազմիկ Օլթեցյանն ու Րաֆֆի Մելիքյանը` երկամարտի համապատասխանաբար 310 (140+170) և 307 (141+166) կգ արդյունքով: Երկու մարզիկներն էլ ձախողեցին երեքական մոտեցում, այլապես արդյունքներն անհամեմատ բարձր կլինեին: Փաստն ինքնին տարօրինակ է, մասնավորապես, Ռազմիկ Օլթեցյանի պարագայում, որովհետև տասնութամյա այս մարզիկը սովորաբար աչքի է ընկնում արդյունավետ մոտեցումներով, իսկ Րաֆֆիի պարագայում ակնհայտորեն էական դեր էր խաղացել լիարժեք մարզումային փուլ նոր-նոր մտնելը: Ինչևէ: Կարևորն այն է, որ քաշային այս կարգում մենք ունենք զգալի ներուժ, մեր դիրքերը հաստատուն են: Միաժամանակ ավելորդ չհամարենք նշել, որ, մասնավորապես Ռազմիկ Օլթեցյանը նախորդ տարվա պատանեկան առաջնությունում ցույց տված կիլոգրամներն ավելացրել է ամբողջ երեսունով:
85-ում երկամարտի 310 (145+165) կիլոգրամով հաղթող ճանաչվեց գյումրեցի քսանամյա Սեդրակ Խաչատրյանը: Նրան հաջորդեցին քասախցի տասնիննամյա Անուշավան Մկրտչյանը (302=131+171) և Ռուբիկ Կարապետյանը (300=140+160): Հատկանշական է, որ Գյումրին ներկայացնող Ռուբիկը տասնյոթ տարեկան է:
94 կգ քաշային կարգում քասախցի քսանամյա Հրայր Մուրադյանին չեմպիոնական տիտղոս բերեց երկամարտի 335-ը (155+180): Հաղթողի պատվանդանի երկրորդ և երրորդ հարթակներին կանգնեցին գյումրեցիներ Միքայել Միքայելյանն ու Մկրտիչ Մկրտչյանը: Նրանք ցույց տվեցին միևնույն 315 կգ արդյունքը (հանուն ճշմարտության ասենք, որ Միքայելը հանդես էր գալիս վնասվածքով):
105-ում մրցակցությունից դուրս էր տասնիննամյա Համլետ Պողոսյանը (350=160+190): Փոխչեմպիոնի կոչումը հայրենի Վեդի տարավ նրա կրտսեր եղբայրը` Մհերը, ում երկամարտի արդյունքը 320 կիլոգրամ էր (140+180): Երրորդն այստեղ գյումրեցի Անդրեյ Մխիթարյանն էր (305=135+172):
Գերծանր քաշային կարգում գյումրեցի մեր հսկայի բացակայության պայմաններում (հիշենք, որ տասնութամյա Գոռ Մինասյանը հանրապետության ընթացիկ տարվա չեմպիոն է հռչակվել երկամարտի 411 կիլոգրամ արդյունքով, որը երեք կիլոգրամով գերազանցում է մինչև 20 տարեկանների երիտասարդների աշխարհի անցած տարվա չեմպիոն Բահադոր Մոուալեիի արդյունքը) տոն տվողը նրա հայրենակից, քսանամյա Հրաչ Ղարիբյանն էր` երկամարտի 370 (165+205) կգ արդյունքով: Երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան երևանի քոլեջցի Անդրանիկ Հակոբյանին ու տասնվեցամյա արարատցի Անդրանիկ Բոյմուշակյանին: Նրանք ցույց տվեցին 360 և 300 կգ արդյունք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ